Արտախորհրդարանական կուսակցությունները դիմել են իշխող ուժին

Արտախորհրդարանական 15 կուսակցություն դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ պահանջով մինչեւ ապրիլի 15-ը հանրայնորեն հրապարակել իրենց դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մի քանի հարցի վերաբերյալ:

Կուսակցությունները խորհրդարանի խոսնակ եւ պետական սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կոբախիձեին, ինչպես նաեւ «Վրացական երազանքի» ղեկավար եւ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, Եվրախորհրդին, Եվրախորհրդարանին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հատուկ դիմում են ուղարկել:

Դիմումի մեջ նշված է, որ առայսօր պետական սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի գործընթացում ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկից որևէ առաջարկություն եւ դիտարկում հաշվի չի առնվել:

«Ինչպես հայտնի է, 2016֊ի վերջից Վրաստանի իշխանության կողմից նախատեսված սահմանադրական մասշտաբային բարեփոխումների գործընթացն է ընթանում եւ հատուկ այս նպատակով ստեղծված է պետական սահմանադրական հանձնաժողով:

1995֊ի Վրաստանի սահմանադրությունն ընդունվել է քաղաքական ուժերի համաձայնությամբ, մինչդեռ 2003-ից երկրում անցկացված սահմանադրական փոփոխություններն իրականացրել են միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները: Ցավոք, այս «ավանդույթը» շարունակեց նաեւ «Վրացական երազանք»-ը, որը սահմանադրական հանձնաժողով հավաքեց իշխող կուսակցության մեծամասնությամբ, առանց մի շարք ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության: Սակայն, ամենից ցավալին այն է, որ առայսօր հանձնաժողովի աշխատանքներում հաշվի չեն առնվել ընդդիմադիրների կարծիքները: Պարզ երեւում է, որ իշխող կուսակցությունը պատրաստվում է միակուսակցական ռեժիմով երկրի սահմանադրության մեջ հակաժողովրդավարական փոփոխություններ իրականացնել»,֊ասվում է դիմումի մեջ:

Նշվում են նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարգի, խորհրդարանական ընտրությունների անցողիկ ձայների  մասին սահմանադրական փոփոխություններին վերաբերող կետեր։

Դիմումը ստորագրել են. «Նոր աջակողմյանները», «Նոր Վրաստան»  «Նոր քրիստոնյա-դեմոկրատներ», «Միավորված ժողովրդավարական շարժում», «Միասնական Վրաստան», «Եվրոպական ժողովրդավարներ», «Ազատություն», «Լեյբորիստական» «Պետությունը ժողովրդի համար շարժում», «Հայրենասերների դաշինք», «Վետերանների եւ հայրենասերների քաղաքական շարժում» եւ «Ավանդապաշտների միություն» կուսակցությունները:

Թողնել պատասխան