Ովքեր և որքան զինյալ է եղել Թբիլիսիում. նոր մանրամասներ հակաահաբեկչական գործողությունից

Վրաստանյան լրատվամիջոցներում հայտնվել է հատուկ գործողության հետևանքով սպանված, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների լուսանկարները: Այստեղ երևում է, որ իրեն պայթեցրած զինյալի մնացորդներում կա պրոթեզ: Նշենք, որ ահաբեկչության հենց առաջին օրը հիշատակվում էր Ախմեդ Չատաևի անունը, ով զրկված է ոտքից և մեկ ձեռքից:

«Քրոնիկա +»-ի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ր Բաթիրաշվիլուն եք բռնել. Աբու Օմար ալ Շիշանին, թե Աբու Ջիհադ ալ Շիշանին»:

Սրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են, Վրաստանի Պանկիսի կիրճից: Աբու Օմար ալ Շիշանին մասնակցել է Չեչնիայի երկրորդ և 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմին՝ ընդդեմ Ռուսաստանի: 2014 թվականին Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե վերջինս լիկվիդացվել է:

Բացի դրանից, Կիլաձեն գրում է, որ իր գաղտնի աղբյուրի համաձայն, բնակարանում, որտեղ  զինյալները դիմադրություն են ցուցաբերել իրավապահներին, եղել է ոչ թե 4 այլ 6 մարդ, նրանցից երկուսը փախուստի են դիմել, 1-ը ձերբակալվել է, իսկ մնացածը՝ սպանվել:

Ախմեդ Չատաևը Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ վրաստանյան գործակալ է եղել: Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Գիա Լորթքիփանիձեի խոսքով, Չատաևը նախ լավ ինֆորմատոր է եղել և Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի՝  իսլամիստական ընդհատակյա խմբերի հետ բանակցություններ է վարել: Չատաևի օգնությամբ Վրաստանում կանխվել է մի քանի ահաբեկչություն: Սակայն, ավելի ուշ, ըստ Լորթքիփանիձեի, Չատաևը սկսել է գործել ընդդեմ Վրաստանի իշխանությունների: Մասնավորապես, 2012 թվականի օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Լափանկղուրիի հատուկ գործողությունը:

«Լափանկղուրիի անտառում մի քանի զինված անձ է եղել, ովքեր փորձել են երկիր մուտք գործել Ռուսաստանի տարածքից: Չատաևին ուղարկել են բանակցելու նրանց հետ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կլսեն։ Սակայն ավելի ուշ Չատաևը հայտարարել է, որ իր մահմեդական ընկերներին մենակ չի լքի և ստիպված է մնալ ու մասնակցել հետագա գործողություններին»,-ասել է Լորթքիփանիձեն:

Լափանկղուրիի հատուկ գործողության հետևանքով Չատաևին ձերբակալել են՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Հատուկ գործողության հետևանքով նա կորցրել է ձախ ոտքը:

2012 թվականի իշխանափոխությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ ավելի ուշ՝ դադարեցրել քրեական գործը՝ «ապացույցների բացակայության պատճառով»:

2015 թվականից ԱՄՆ-ն Չատաևին ներառել  է միջազգային ահաբեկիչների ցանկում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վարժեցնելու համար: Չատաևը ղեկավարել է նաև ԻՊ ջոկատներից մեկը՝ «Յարմուկի բատալիոն»-ը, որտեղ հիմնականում հյուսիսկովկասցիներ են՝ մեծ մասամբ չեչեններ, կան նաև դաղստանցիներ և վրաստանցիներ՝ հիմնականում Պանկիսի կիրճից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները քսան ժամից ավելի Թբիլիսիի ծայրամասերից մեկում հակաահաբեկչական հատուկ գործողություն էին իրականացնում, որի ժամանակ ենթադրյալ ահաբեկիչներից երեքը սպանվել էին, մեկը՝ ձերբակալվել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության ահաբեկիչները հենց չորսն են։

Թողնել պատասխան