Պետհաստատություններում ստաժավորման հնարավորություն «1+4»-ի ուսանողների համար

Մեկնարկում է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների համար նախատեսված՝հանրային հաստատություններում ստաժավորման ծրագրի երկրորդ փուլը: Ըստ ծրագրի՝ այն ուսանողներին, որոնք օգտվում են, կամ օգտվել են «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրից, հնարավորություն է ընձեռնվում ավարտական տարիներին սովորելուն զուգահեռ, կամ ուսումն ավարտելուց հետո, ստաժավորում անցնել ընտրված պետական հաստատությունում:

cixelashvili«Հանրային հաստատություններում պրակտիկա անցնելու ընթացակարգի եւ պայմանների մասին» կառավարության որոշման մեջ փոփոխությունների մասին կայացված որոշման մասին տեղեկացրել է Հաշտեցման եւ քաղաքացիական  հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին: Նրա խոսքով, կայացված որոշումը կնպաստի էթնիկ փոքրամասնությունների հանրային կյանքում ակտիվ ներգրավվելուն: Ստաժավորման ծրագրին ուսանողները դիմելու հնարավորություն կունենան երկու փուլով՝ ապրիլին (գարնանային կիսամյակ) եւ նոյեմբերին (աշնանային կիսամյակ)

Փորձնական` պիլոտային ծրագիրն իրականացվել էր նախորդ տարվա ընթացքում՝ պետնախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի զարգացման գործակալության աջակցությամբ: Մասնակից 65 երիտասարդները պրակտիկա են անցել 20 պետհաստատություններում:

Արեքնազ Պետրոսյանը պիլոտային ծրագրի շրջանակներում ստաժավորում է անցել Վրաստանի ազգային արխիվում: Ասում է` մեծամասամբ աշխատում էր հայատառ ձեռագրերի հետ.

22007541_10155791800174936_1717273622819882718_n«Իմ գործն էր ուսումնասիրել եւ դիմումներ գրել: ստաժավորման երեք ամիսների ընթացքում աշխատանքի մեծ փորձ ձեռք բերեցի, ինչի արդյունքում դժվարությունների չեմ հանդիպում այժմյան աշխատավայրում»:

Արեքնազի խոսքով` աշխատանքի ընդունվելիս, պետական հաստատությանն անցած ստաժավորումը մեծ դեր է խաղացել:

«1+4» ծրագիրն ավարտած Լիլիթ Օգանեսյանը, ով ստաժավորումն անցել էր Օմբուդսմենի ախալքալաքի գրասենյակում, այժմ նույն տեղում էլ աշխատում է.

21768364_10155791800184936_105644600163757017_n«Ստաժավորումս տեւեց ամիս ու կես, այնուհետեւ անցա աշխատանքի նույն վայրում: Մինչեւ ստաժավորումը սկսելը նույն հաստատությանն ուղարկել էի նաեւ փաստաթղթերս՝ աշխատանքի ընդունվելու նպատակով, անցել էի 2 փուլերը: Ստաժավորումը որեւէ գրքում չգրված գործնական գիտելիքներ տվեց ինձ»

Ալիքի հետ զրույցում Լիլիթը խորհուրդ տվեց էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին բաց չթողնել նման հնարավորությունը:

Հիշեցնենք, տարեցտարի ավելանում է «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրի դիմորդների թվաքանակը: Այսպես, եթե 2010 թվականին ծրագրին դիմել էր 247 ուսանող, ապա 2017-18 ուս. տարվա ընթացքում ծրագիրն ունի արդեն 1047 ուսանող:

Թողնել պատասխան