Ռուսաստանը դեմ չէ Աբխազիայով տարանցիկ հաղորդակցության վերականգնմանը․ Լավրով

Ռուսաստանը որեւէ առարկություն չունի, որ բացվի տարանցիկ հաղորդակցությունը Աբխազիայով դեպի Վրաստան և Հայաստան, այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Սուխումիում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո։

Ռուսական կողմը ոչ մի խնդիր չի տեսնում, որ տարանցումը վերականգնվի: Նույնիսկ այդ հաղորդակցության վերականգնման համար կա անհրաժեշտ իրավական հիմք։ Խոսքը 2011 թվականին Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է,-ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ երկաթուղու վերագործարկմանը դեմ չէ նաև Ռաուլ Խաջիմբան,-ուստի, դա ոչ թե մեզնից, այլ տարանցումն իրականացնող երկրներից է կախված»։

Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղին փակվել է 1992-93 թվականների վրաց-աբխազական հակամարտության պատճառով:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով հարցերին, ասել է, որ Ռուսաստանը կողջունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունը Աբխազիայի հետ, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնության գան։

Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն է ապահովել անվտանգությունը, իսկ Աբխազիայի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանի զինված ուժերը։

Թողնել պատասխան