Ռուսթավի 2-ի գործով «Վրացական քայլերթի» 5 անդամ է ձերբակալվել

Ռուսթավի 2 հեռուստաընկերության լրագրողների վրա օրեր առաջ տեղի ունեցած հարձակման գործով «Վրացական քայլերթի» 5 անդամ է ձերբակալվել։

«2018 թվականի մարտի 19-ին Ռուսթավի 2 հեռուստաընկերության հետ կապված դեպքի առնչությամբ ձերբակալվել են «Վրացիների քայլերթի» անդամներ Մ.Ա.-ն, Վ.Ս-ն, Ի.Դ.-ն, Գ.Օ.-ն եւ Լ.Ն.-ն։ Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 239-րդ հոդվածի երկրորդ մասով՝  նախնական համաձայնությամբ կատարված խմբակային խուլիգանություն: Հանցանքի համար նախատեսվում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում»,-ասված է ՆԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Քրեական գործով ընթացող հետաքննությունը շարունակում է բացահայտել հանցագործության մեջ ներգրաված այլ անձանց ևս, այս օրերին ականատեսները հարցաքննության են կանչվում, բացի այդ համապատասխան փորձաքննություն է ընթանում:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Վրացիների քայլերթի» անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Ռուսթավի 2 հեռուստաընկերության շենքի մոտ՝ մասնավորապես բողոքելով հաղորդավար Գիորգի Գաբունիայի դեմ։ Հիշեցնենք՝ վերջինս հաղորդաշարի ընթացքում ասել է․ «Կարծում եմ, որ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը սարսափելի սխալ գործեց, երբ Իսրայել գնաց: Նա պետք է Աջարիա գար, որտեղ խաչվելու համար ծառը չէր գտնվի, քանի որ Բիձինան բոլոր ծառերը տեղափոխել է իր բակ»:

Ըստ «Վրացիների քայլերթ»-ի անդամների, Գաբունիան վիրավորել է իրենց կրոնն ու Հիսուս Քրիստոսին:

Թողնել պատասխան