«Ռուսթավի 2»-ի ֆեյսբուքյան էջը հակահայկական թրոլլինգի օազիս

Մինչ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ցույց էր անցկացվում, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից թեմայի շուրջ պատրաստված տեսանյութի մեկնաբանությունները եռում էին: Լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում հայատյացության թրոլլինգ էր իրականացվում:

«Խոստանում եմ, կգա ժամանակը և բոլոր հայերը կթռնեն այստեղից», «Մի ռումբ չկա՞ր», «Դրանց ցեղասպանության ճանաչումը կլինի այն, որ դրանց վտարենք Վրաստանից», «Ամբողջ տարածաշրջանում դրանց հոտն է», «Եթե որոշողը ես լինեի, կհավաքեի բոլոր հայերին, ովքեր վրացերեն չեն խոսում, կնստեցնեի վագոն ու կուղարկեի Երևան, ինչ տարիքի էլ լինեն», «Ինչո՞ւ են ծածանվում Վրաստանի դրոշները» և այսպես շարունակ (հայհոյանքներով մեկնաբանություններն առավել գերակշռում են):

Որոշ մեկնաբանների էջերն այլևս չեն գործում: Ըստ մեկնաբանությունների, վիրավորանք և ատելություն է հնչում կոնկրետ խմբի, այս դեպքում հայերի հասցեին: 100-ից ավել մեկնաբաններ ցանկանում են, որ հայերը, առհասարակ, գնան Հայաստան: 

Մեկնաբանություններում անդրադարձ կար նաև վրաց-աբխազական պատերազմին, իբր հայերը կոտորել են վրացիներին և նմանատիպ այլ քարոզչական նյութեր: Մեկնաբանությունները շարունակվում են մինչ այս պահը: Հեռուստաալիքը չի արգելափակել մեկնաբանողներին:

«Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ի ղեկավար Թամար Կինծուրաշվիլիի խոսքերով, օրենքը չի վերահսկում մեկնաբանությունները, սակայն նա խոստացել է վաղը զբաղվել այդ հարցով:

Թողնել պատասխան