Վարչապետն առաջարկում է մեդիա օմբուդսմենի ինստիտուտ ստեղծել

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առաջարկում է մեդիա օմբուդսմենի պաշտոն ստեղծել ԶԼՄ-ների մոնիթորինգի համար:

«Ես նախաձեռնությամբ եմ հանդես գալիս՝  ներդնել մեդիա օմբուդսմենի ինստիտուտ, ուր կհրավիրվեն աշխարհում ամենաբարձր հեղինակություն ունեցող լրատվամիջոցների իրավապաշտպաններ: Ես հրապարակավ հրավիրում եմ մեդիափորձագետների և միջազգային մակարդակի մասնագետների, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցել են իրենց պրոֆեսիոնալությունը»,- ասել է վարչապետը՝ կառավարության նիստի ընթացքում՝ նշելով, որ մեդիա օմբուդսմենը պետք է պարբերաբար մոնիթորինգ իրականացնի՝ այդ թվում նաև «Ռուսթավի 2»-ի հարցով:

Գործող իշխանությունները հետաքրքրված են խոսքի և արտահայտվելու ազատության պահպանմամբ, բազմակարծության ապահովմամբ՝ վստահեցրել է Կվիրիկաշվիլին՝ ընգծելով, որ կարևորում է ազատ դատական համակարգի գոյությունը և անթույլատրելի է համարում դատական գործընթացներում միջամտությունը:

Կվիրիկաշվիլին ասել է, թե Վրաստանի իշխանությունները հարգում են եվրոպական կառույցների որոշումները, խորհրդատվություններն ու կարծիքը։

«Հենց այսպես ենք մենք վերաբերվում Ստրասբուրգի դատարանի՝ «Ռուսթավի 2»-ի որոշմանը: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք գործով ենք ապացուցել ժողովրդավարական արժեքների նկատմամբ մեր միաբանությունը»,-ասել է վարչապետը։ 

Թողնել պատասխան