Վիզային ռեժիմի հարցը քննարկելու համար Գերմանիայի կառավարության անդամները Վրաստան կժամանեն

Մոտ օրերին  Թբիլիսի են ժամանելու Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, որպեսզի վրացական կողմի հետ ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման թեմայով  քննարկում ունենան: Լուրը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն.

«Մենք կքննարկենք քայլերը, որոնք կնպաստեն, որ ազատ վիզայի դադարեցման մեխանիզմն օրակարգային  չդառնա: Երբ վիզալիբերալիզացիայի պայմանների խախտման և վիճակագրական որոշ տվյալների աճի հետ կապված գործընկեր երկրի կողմից հարցեր առաջացան, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, նաև ակտիվ և սերտ համագործակցություն սկսեցինք մեր գործընկերների հետ, որպեսզի նշված հարցերին պատասխաններ տանք»,- եթերից հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիայի դաշնային հանրապետության ներկայացուցիչների այցը Վրաստանի իշխանությունների կողմից ավելի վաղ սկսված աշխատանքի արդյունքն է:

Հիշեցնենք, որ  2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան Եվրամիության երկրներ այցելել՝ առանց մուտքի արտոնագրի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախորդ տարվա ապրիլից առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 220 հազար քաղաքացի:

Լուսանկարը՝ schengenvisainfo-ի

Թողնել պատասխան