Վրաստանը փոխում է մեկուսարաններում գտնվելու կարգը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ժամանակավոր մեկուսարանների նորացման ծրագիրը: 
Գեորգի Գախարիայի` ՆԳ-ի նախարար նշանակվելուց հետո գերատեսչությունը բարեփոխումների մի ամբողջ շարք է սկսել: Նախարարն ասել է, որ իր նպատակն իր ղեկավարած կառույցը նոր տեխնոլոգիաներով և նոր ինստիտուտներով հագեցնելն է, ինչպես նաև նախարարության նկատմամբ վստահության ավելացումը: ՆԳՆ-ի պաշտոնական էջում ասված է, որ մեկուսարանների  բարեփոխման ծրագիրը նպատակ ունի ապահովել ձերբակալվածների պաշտպանությունը` համապատասխան պայմաններ ստեղծելով և աշխատանքի նոր ստանդարտներ ներմուծելով:

Վրաստանի ՆԳՆ-ն արդեն փոխել է ժամանակավոր մեկուսարանների տեսագրության կարգը, նաև ծրագրում է հետագայում կառուցել նոր մեկուսարաններ, վերանորոգել հները: Փետրվարի սկզբից արդեն ավելացվել է մեկուսարանների տեսագրությունների պահպանման  տևողությունը` 24-ից հասցնելով 120 ժամի, այսինքն կասկածյալի` մեկուսարանում մնալու ողջ ընթացքում: Ապագայում ծրագրվում է բարելավել մեկուսարանների տեսաձայնագրման համակարգը: Առաջին փուլում ներգրավվել է 6 խոշոր մեկուսարան, որոնցում հնացած տեխնիկան փոխարինվելու է նորով:

Բացի այդ, մեկուսարաններում գտնվողները հնարավորություն կունենան օգտվել բուժսպասարկումից: Այդ նպատակով բոլոր սենյակներում  բուժանձնակազմ կհերթապահի:

Նորացման ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Ծալկայի, Քոբուլեթիի, Սամթրեդիի, Փոթիի մեկուսարանները, ինչպես նաև կառուցվելու են Ախալցիխեում, Զուգդիդիում, Բորջոմիում, Գուդաուրիում, Բակուրիանիում:

Բացի այդ Վրաստանի ՆԳՆ-ն այսուհետ մինչ խափանման միջոցի մասին դատարանի որոշումն առանձին մեկուսարաններում է պահելու քրեական հանցագործության մեջ կասկածվողներին և  վարչական պատիժ կրողներին: Բարեփոխումը կվերաբերի նաև մեկուսարանների աշխատակիցներին: Նախարարությունը  պատրաստվում է  նորացնել նրանց վերապատրաստման ծրագիրը, և վերապատրաստումը պարտադիր կլինի` մեկուսարանում աշխատելու համար:

Նյութը` sputnik-georgia-ից

Թողնել պատասխան