Տեսանյութ. Ախալցիխեի տեխզննման միակ կենտրոնի հերթում 100-ից ավելի մեքենա կա

Հունվարից տեխզննումը պարտադիր է դարձել Վրաստանում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների համար: 

Վրաստանի ողջ տարածքում գործում է 40 սերվիս կենտրոն և 89 ստուգող գիծ, որոնցից միայն մեկն է Ախալցիխեում: Սա նշանակում է, որ մեքենայի տեխզննման համար շրջանի բոլոր վարորդները ստիպված են Ախալցիխե հասնել, սպասել՝ ոչ թե ժամերով, այլ նույնիսկ օրերով: Միակ կենտրոնում միայն մեկ մեքենա է հնարավոր սպասարկել՝ ընդամենը մեկ ստուգող գիծ կա:

Նինոծմինդայի բնակիչ Արիստակես Մալխասյանն օրինակ, տեխզննման հերթում երկու օր է անցկացրել: «Ալիք մեդիայի» հետ զրույցում նա ասաց, որ հերթում սպասող մեքենաների թիվը 70-100-ի է հասնում: Երբեմն դրանից ավելի: Տեխզննման կետն Ախալցիխեից դուրս՝ Թբիլիսիի ճանապարհին է: Չկան գիշերելու, տաքանալու, սնվելու համար տարրական պայմաններ: Բացի այդ՝ հերթը չկորցնելու համար վարորդը ստիպված է լինում մեքենայի մեջ ժամերով սպասել, սնվել ու գիշերել:

Ախալքալաքում սկսել են տեխզննման կետի կառուցում, որն ամիսներ կարող է տևել: Այդ ընթացքում ամբողջ շրջանի վարորդները հերթերում օրեր են անցկացնում:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարից սկսվել է պարտադիր տեխզննման գործընթացը՝ անխտիր բոլոր մեքենաների համար:  Տեխզննման կտրոնի բացակայության դեպքում  ֆիզիկական անձանց համար տուգանքը 50, իրավաբանական անձանց համար՝ 200 լարի է: 50 լարիով տուգանվելու են նաև տեխզննումը տապալած մեքենաները շահագործող վարորդները: