Վրաստանի խորհրդարանը վերադարձավ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի քննարկմանը

Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը որոշել է վերսկսել Քրեական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը:  Դրանք նախատեսում են  վրաստանցի սահմանապահների կողմից վերահսկվող սահմանը շրջանցելով՝ Աբխազիա և Ցխինվալի այցելությունների համար նախատեսված պատժի մեղմացում: 2008-ին Աբխազիան և Ցխինվալին Վրաստանի կողմից պաշտոնապես հայտարարվեցին օկուպացված տարածքներ, երբ Ռուսաստանը ճանաչեց այդ տարածքների անկախությունը: Սրա հետ կապված՝ Վրաստանը նաև «Օկուպացված տարածքների մասին» օրենք ընդունեց, որով Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը շրջանցելով Աբխազիա և Ցխինվալ մուտք գործելը համարվում է քրեական հանցագործություն և պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ կամ մեծ չափի տուգանքով:

Իշխող «Վրացական երազանքը» մտադիր է հոդվածից հանել ազատարկման մասը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2013-ին: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտի, անհրաժեշտ է, որ այն ևս 2 ընթերցմամբ խորհրդարանն ընդունի: Խորհրդարանական փոքրամասնությունը դեմ է օրենքի մեղմացմանը՝ համարելով դա երկրի համար վտանգավոր, սակայն օրենքի ընդունման վրա ազդելու հնարավորություն «Միացյալ ազգային շարժումը» չունի.
«Օկուպացված տարածքների մասին օրենքի մի քանի հոդվածներ կբարելավվեն ՝ ժողովուրդների միջև հարաբերությունները պարզեցնելու նպատակով: Երբ կգա Վրաստանի միավորման ժամանակը, մենք չպետք է մոռանանք, որ այդ տարածքներում մարդիկ են ապրում: Մենք պետք է առաջին հերթին մարդկանց վերադարձնենք, և օրենքը մեզ դրանում չպետք է խանգարի»,— լրագրողներին ասել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ մեկնաբանելով հանձնաժողովի որոշումը:

Թողնել պատասխան