Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ԱԳՆ-ն Տատունաշվիլիի մահվան մասին

Արչիլ Տատունաշվիլիի մահը չէր բխում Հարավային Օսիայի շահերից, այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը: Տեղեկացնում է «Ինտերպրեսնյուս» կայքը:

«Վերջին ժամանակահատվածում Վրաստանում հետեւողականորեն սրվում է իրավիճակը՝ Ցխինվալիի հանրապետական հիվանդանոցում Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվան հետ կապված:

Հետախուզադիվերսիոն գործողության եւ 2008թ․ օգոստոսին խաղաղ բնակչության սպանության մեջ կասկածվող Տատունաշվիլիին Հարավային Օսիայի օրինապահները 2018թ․ փետրվարի 22-ին Լենինգորում են ձերբակալել:

Ուշագրավ է մեկ կարեւոր հանգամանք՝ հետաքննական մեկուսարան գնալու ժամանակ Տատունաշվիլին հարձակվել է ուղեկցողներից մեկի վրա, խլել է նրանցից մեկի զենքը եւ փորձել կրակել: Օրինապահները խափանել են այս փորձը, ուժ են կիրառել եւ նրան վնասազերծել: Առողջ մտածելակերպը մեզ հուշում է, որ Արչիլ Տատունաշվիլիի մահը ոչ մի կերպ չէր բխում Հարավային Օսիայի շահերից, քանի որ գործով կասկածվողի փախուստի փորձը հիմնավոր կերպով գնահատվում է որպես կասկածի հաստատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան