Վրաստանում կենսաթոշակները կավելանան 2019-ին

2019-ին Վրաստանում տարիքային կենսաթոշակը կավելանա 20 լարիով:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին ասել է, որ 2020-ին Վրաստանում կենսաթոշակի չափն ավելանալու է ևս 20 լարիով։ 2019-ի հունվարի մեկից կլինի առաջին բարձրացումը, երկու տարվա ընթացքում կենսաթոշակը 40  լարիով կավելանա։ Այսօր կենսաթոշակի տարիքի քաղաքացիներն ամսական ստանում են 180 լարի (մոտ 73,3 դոլար): Երկրում թոշակային տարիք է համարվում կանանց համար 60 և ավելի, տղամարդկանց համար՝ 65 և ավելի տարիքը:

Վերջին անգամ Վրաստանում թոշակի ավելացում եղել է 2016-ի օգոստոսին, այդ ժամանակ ավելացումը կազմեց 12,5 տոկոս: Միաժամանակ, Վրաստանի կառավարությունը ծրագրում է գործի դնել կենսաթոշակային կուտակային համակարգը, որը պարտադիր է լինելու 40-ից ցածր անձանց համար, ընտրովի՝ 40-նն անց քաղաքացիների համար: Կուտակայինի վճարումները կատարվելու են անձի՝ թոշակի անցնելուց հետո:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Բախտաձեին, ով վարչապետի պաշտոնում փոխարինեց Գիորգի Կվիրիկաշվիլիին: Մինչ այդ խորհրդարանականներն ուսումնասիրել են Բախտաձեի՝ «ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» կառավարական ծրագիրը:

Թողնել պատասխան