Վրաստանում կրթական համակարգը կփոփոխվի

Վրաստանի նոր կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն նպատակ ունի փոփոխություններ մտցնել երկրի կրթական համակարգում:

Ըստ ծրագրի՝ բարեփոխումները կվերաբերեն կրթության բոլոր մակարդակներին: Մասնավորապես՝ նախադպրոցական կրթության համար պետք է ներմուծվի որակի միասնական պետական չափանիշ՝ ինչպես դպրոցի նախապատրաստական կրթության, այնպես էլ սնվելու, ենթակառուցվածքների, հիգիենայի տեսանկյունից: Սրա հետ մեկտեղ կառավարությունը ծրագրում է մասնագիտական ստանդարտներ ներմուծել  նախակրթարանների մանկավարժների համար: Բարեփոխումներ են սպասվում դպրոցական կրթական համակարգում: Ուսումնական հաստատությունների գործունեությունն ուղղվելու է աշակերտների ստեղծագործական, տեխնոլոգիական, աշխատանքային հմտությունների զարգացմանը, առողջ կենսակերպի հանրայնացմանը, ինքնադրսևորման հնարավորությունների ընդլայնմանը: Փոփոխվելու են դպրոցական դասագրքերը, որոնք պետք է համապատասխանեն աշակերտի տարիքին՝ ըստ իմաստի և ըստ կշռի:

Բարեփոխումներ են նախատեսվում մասնագիտական կրթության ոլորտում: Այս ուղղությամբ շեշտ է դրվելու պրակտիկայի վրա, առաջնահերթություն է համարվելու ձեռներացական կրթությունը: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանն, ապա Բախտաձեն մտադիր է բուհերում ուսուցման ֆինանսավորման նոր մոդել ներմուծել. պետությունն ավելի շատ դրամաշնորհներ է հատկացնելու պետության զարգացման և տնտեսության ուժեղացման համար անհրաժեշտ մասնագիտություններ ընտրողներին: Բացի այդ, երկրի բոլոր բուհերում գործելու են ԵՄ չափորոշիչները, և  հավատարմագրություն բուհը ստանալու է միայն այդ չափորոշիչներին լիովին համապատասխանելու դեպքում:

Նյութի աղբյուր՝ Սպուտնիկ Վրաստան

Թողնել պատասխան