Վրաստանում մեկնարկել է «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովը

Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է․ «տարածաշրջանում,  մենք միակ երկիրն ենք, որ ազատ առեւտուր ունենք միաժամանակ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Չինաստանի հետ»։

Կվիրիկաշվիլին ասել է, որ համաժողովը նշանակալի հնարավորություն է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի խորացման տեսանկյունից։ «Վրաստանը աշխատում է ունենալ բաց առեւտրական ցանցեր ու դրանց մասին բաց համաձայնագրեր»,-ասել է վարչապետ։

Վրաստանի մայրաքաղաքում  նոյեմբերի 28-29-ը անցկացվող համաժողովին մասնակցում են  ավելի քան 60 երկրների շուրջ 2000 պատվիրակներ՝ ներկայացնելով 500 միջազգային ընկերություններ:

Վրաստանի վարչապետի հովանու ներքո անցկացվող միջոցառումը կազմակերպվում է երկրի արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման  նախարարությունների  նախաձեռնությամբ։

էկոնոմիկայի նախարարության նոյեմբերի 28-ին տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովը  կարևոր առիթ է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացման համար:

Թողնել պատասխան