«Պաշտպանիր քո ձայնը». նոյեմբերի 8-ին Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց կանցկացվի

Թբիլիսիում կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին «Պաշտպանիր քո ձայնը» կարգախոսով մեծամասշտաբ բողոքի ակցիա կանցկացվի: Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պաշտոնապես արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան: Ցույցի կազմակերպիչների համոզմամբ՝ օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:

Ընտրություններից հետո մայրաքաղաք Թբիլիսիում գրեթե ամեն օր փոքր ցույցեր են անցկացվում: Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Թբիլիսիի տարբեր ընտրատարածքների հանձնաժողովներում բողոքների քննարկմանը զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, որոնց ընթացքում տեղի է ունեցել մի քանի բախում ցուցարարների և իրավապահների միջև:

Խորհրդարան մտնելուց հրաժարված «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական» կուսակցությունները պահանջում են ձևավորել նոր ընտրական հանձնաժողով և  նորից անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Միակուսակցական խորհրդարան, կամ արտահերթ ընտրություններ. ի՞նչ իրավիճակ է հետընտրական Վրաստանում