Վրաստանում վաղվանից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

Վաղվանից Վրաստանում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Հետևաբար, վաղվանից ուժի մեջ են մտնում այն կանոնները, չափանիշներն ու սահմանափակումները, որոնք սահմանված են նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական կուսակցությունների, թեկնածուների, քաղծառայողների, տեղական ինքկառավարման մարմինների ներկայացուցիչների, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց և լրատվամիջոցների համար:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո քաղաքական կուսակցություններն ու թեկնածուներն օգտվում են հավասար իրավունքներից և նույն պարտականություններն ունեն:

Նրանք իրավունք ունեն պատրաստել նախընտրական կոչեր, հայտարարություններ, պաստառներ, թերթիկներ, ֆոտոռեպորտաժներ և այլն: Արգելվում է խոչընդոտել դրանց տարածմանը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել կուսակցություններին և թեկնածուներին, որպեսզի նրանք անվտանգ միջավայրում առանց խոչընդոտի հանդիպեն իրենց ընտրողների հետ, մասնակցեն հանրային բանավեճերին, հավաքներին:

Արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել Վրաստանի գործադիր իշխանությանը պատկանող հաստատություններում, դատարաններում և զորամասերում:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: 2018 թվականի ընտրությունները վերջին ուղղակի ընտրությունները կլինեն, երբ նախագահին կընտրեն երկրի քաղաքացիները:

Թողնել պատասխան