Վրաստանցիների «ժամանակի կապսուլան» կբացվի 25 տարի անց

«Ժամանակի նորություն» ծրագիրն  անկախության տոնի քարոզարշավի մասն է կազմում: Նախաձեռնության  հեղինակը Վրաստանի կառավարությունն է:

Այն վերաբերում է հիմնականում  «ժամանակի կապսուլայի» տեղադրմանը:  Ծրագիրը հնարավորություն է տվել Վրաստանի ցանկացած քաղաքացու հատուկ ստեղծված կայքում տեսահոլովակի, նամակի, փաստաթղթի կամ նկարի տեսքով տեղադրել իր պատկերացումը, թե ինչպիսին կլինի Վրաստանը 25 տարի հետո:  Մայիսի 26-ին տեղի ունեցավ հավաքված բոլոր նյութերի` «ժամանակի կապսուլայում» տեղադրելու հանդիսավոր  արարողությունը: Այն կբացվի միայն  25 տարի անց, երբ կնշվի  Վրաստանի անկախության 50- րդ տարեդարձը:  Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Ալիքի» հետ զրույցում կարևորելով  երիտասարդների երազանքները, ասաց, որ  «պարտավոր ենք դրանք իրականացնել»:

«Վրաստանն արդեն 25 տարի է անկախ պետություն է: Սա կարեւոր մի ժամանակաշրջան էր մեր պետականության վերակառուցման համար: Հաջողությունների  տարի էր, սակայն պարտություններ ևս  եղան.  պայքար տարածքային ամբողջականության համար, քաղաքացիական պատերազմ ևս տեսանք: Սակայն մենք այսօր ունենք մեր նպատակները, որի շուրջ պետք է համախմբվենք:  Դադարենք վիրավորել միմյանց, այլ միավորվենք: Այս գաղափարով պետք է առաջնորդվենք, որպեսզի հասնենք մեր  նպատակներին:  
Հենց սրան է  ծառայում «ժամանակի կապսուլայի» տեղադրումը.  մեր երեխաներն այսօր մտապահեցին  իրենց երազանքները, իսկ մենք այսօր  ստանձնել ենք  դրանք իրականացնելու մեծագույն պարտականոթյունը»:

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար  Սոզար Սուբարին:

«Սա այն օրն է, որի համար  հազարամյակների ընթացքում պայքար են մղել  մեր նախնիները: Սակայն այս օրը  չի վերածվի լիարժեք տոնի այնքան ժամանակ քանի դեռ  օկուպացված է մեր տարածքի 20 տոկոսը,  եւ կա գեթ  մեկ փախստական, ով իրավունք չունի իր սեփական տուն վերադառնալ: Իմ երազանքն է, որ բոլոր նրանք հասնեն իրենց տները, եւ վերականվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:

Թողնել պատասխան