Մետաքսի ճանապարհին Ուկրաինան Վրաստանի վստահելի գործընկերն է․ Գրոիսման

Վրաստանում ընթացող «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոիսմանը։

Նա կարևորել է փաստը, որ միջոցառումն արդեն երկրորդ անգամ Վրաստանն անցկացնում է՝ ավելացնելով մասնակից երկրների ու միջազգային ընկերությունների թիվը։

«Մենք ուրախ ենք Վրաստանի արձանագրած հաջողությունների համար։ Համոզված եմ, որ տարածաշրջանում ձեր առաջնորդի դիրքը կնպաստի մեր տնտեսական զարգացմանը ևս»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:

Վլադիմիր Գրոիսմանը ընդգծել է, որ Ուկրաինան կարող է Մետաքսի ճանապարհի նախագծում վստահելի գործընկեր լինել։ «Բացի այդ, Վրաստանը, Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են միավորում ստեղծել»,- նշել է Գրոիսմանը:

Ուկրաինայի վարչապետը խոսել է նաև վրաց-ուկրաինական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրները ակտիվ համագործակցում են տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, Ուկրաինայի վարչապետը Վրաստան է այցելել նոյեմբերի 26-ին։ Այցի շրջանակներում Գրոիսմանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գելա Դումբաձեի գնահատմամբ, վրաց-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար սա շատ կարևոր այց է։

 

Թողնել պատասխան