ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. «Հայրենասերների դաշինք». Իրմա Ինաշվիլի

Խորհրդային միության փլուզումից հետո մի շարք երկրներում ինքնորոշման պայքարի պատերազմական ճանապարհը թեև անտարբեր չէր թողնում որևէ մեկին, սակայն եթե շատերը պարտադրված էին մասնակցել պատերազմական գործողություններին, ապա 22-ամյա Իրմա Ինաշվիլին կամավոր է մեկնել ռազմադաշտ ու հիմնովին փոխել կյանքի ոչ միայն իր ուղին, այլև շատերի։

1992-93 թվականներին Ինաշվիլին նախ հայտնվել է Ցխինվալիում, այնուհետև` Աբխազիայում:

«1993 թվականի մեծ մասն անցկացրեցի Աբխազիայի պատերազմում: Ես չէի աշխատում և այցս պաշտոնական չէր․ գնացել էի այնտեղ որպես կամավոր լրագրող։ Ես ստիպված էի վերադառնալ Ճուբերիի ճանապարհով։ Սա այլևս Աբխազիայի պատերազմը չէր, սա դժոխք էր՝ ինչպես իմ, այնպես էլ բոլորի համար, ովքեր անցել են այս ճանապարհով։ Սա շատ դժվար ճանապարհ էր ինձ համար, քանի որ մենք հայտնվեցինք ալպյան գոտիների մեջ ջինսերով, բոթասներով ու մի ձեռնափայտով: Մենք պետք է ոտքով քայլեինք 2000 կիլոմետր, իսկ մեքենայի մեջ մեր տեղը զիջեցինք մանուկներին։ Մեքենայում, որտեղ երեք հոգի պետք է տեղավորվեր՝ տեղավորվեց յոթ երեխա»,֊հարցազրույցներից մեկում հիշել է Ինաշվիլին։

Ու հենց այս փրկված երեխաներն են, որ ստվեր են գցում Ինաշվիլիի պատերազմական սարսափելի հիշողությունների վրա ու ստիպում առաջ շարժվել, ինչու չէ, նաև մտնել քաղաքականություն ու փորձել արդեն քաղաքականության դիրքերից բարելավել նրանց կյանքի որակը։

Ինաշվիլին այժմ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է, ներկայացնում է 2012 թ. դեկտեմբերին գրանցված «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի — Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որի հիմնադրման ակունքներում է կանգնած, իսկ 2014 թվականից գլխավոր քարտուղարն է։ 

Այս պահին Ինաշվիլին պայքարում է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։

1970թ․ հուլիսի 6-ին Թբիլիսիում ծնված Իրմա Ինաշվիլին կրթությունը ստացել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 1993-2005թթ․ եղել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» խմբագիրը։ 2005-2010թթ խմբագիր է աշխատել «Օբյեկտիվի» հեռուստաընկերությունում, 2010-2014 թթ․ ղեկավարել է նույն հեռուստաընկերության լրատվական բաժինը։

Վրաստանում աջակողմյան պահպանողական քաղաքական ուժ համարվող «Հայրենասերների դաշինք»-ը կուսակցությունն առաջին անգամ 2014 թ-ին է մասնակցել տեղական ինքնակառավարման  ընտրություններին: Ինաշվիլին Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ ստանալով քվեների ավելի քան 5 տոկոսը: Կուսակցությունը Թբիլիսիի սակրեբուլոյի համամասնական ընտրություններում հավաքել է 6,34 տոկոս ձայն՝ հաղթահարելով ընտրական շեմը, այդպիսով քաղաքային խորհրդում երկու անդամ ունի։

Քաղաքական այս ուժը 2016 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կարողացել է հաղթահարել ընտրական 5 տոկոսի շեմը (հավաքելով 5,01%), այժմ համամասնական ցուցակով 6 պատգամավոր ունի երկրի օրենսդիր մարմնում։

Ինաշվիլին  խորհրդարանի Մարդու իրավունքներ և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամ է, մասնակցել է 2017-ի մայիսին (26-29) Վրաստանում կազմակերպված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գարնանային նիստի կազմկոմիտեի, Սահմանադրության բարեփոխումների պետական հանձնաժողովի աշխատանքներին։

«Հայրենասերների դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու, ՏԻՄ ընտրություններին 8-րդ համարի ներքո մասնակցող Իրմա Ինաշվիլին իր նախընտրական ծրագրում որպես քաղաքի հիմնական խնդիր համարում է խցանումները, տրանսպորտային համակարգի արդիականացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը: Քաղաքապետի թեկնածուն վստահեցնում է նաև, որ մեծ ուշադրություն է դարձնելու քաղաքի բյուջեին, իրականացվելիք ներդրումային ծրագրերին, բնակարանային քաղաքականությանը՝ այդպիսով ապահովելով քաղաքի զարգացումը։

Կուսակցության ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավիի հայտարարության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները (հոկտեմբերի 21) անցկացվելու են «Հայրենասերների դաշինք»-ի բողոքի ակցիաների ֆոնին։ 

Կուսակցության որոշ անդամներ ու համակիրներ արդեն նույնիսկ հացադուլ են սկսել են։

Թողնել պատասխան