Ցանկության դեպքում Ուգուլավան կարող է հանդիպել Սահակաշվիլիին

«Գիգի Ուգուլավան երկրի սահմանը  հատելու   բոլոր իրավաբանական հիմքերն ունի,  կարող է նաև արտերկիր մեկնել` Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպելու նպատակով»:  Այս մասին հունվարի 10-ին հայտարարել է օրեր առաջ ազատ արձակված Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր առաջնորդներից Գիգի Ուգուլավայի փաստաբան  Բեքա Բեսելիան:  Փաստաբանի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսիի նախկին քաղաքապետի հանդեպ այլ Քրեական գործեր ևս հարուցվել են, այդուհանդերձ Ուգուլավային չի արգելվում հատել երկրի սահմանը:

Հիշեցնենք` Թբիլիսիի նախկին քաղաքապետի նկատամբ 4 Քրեական գործ է հարուցված: Նա մեղադրվում է դեռ 2007 թվականին  «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ ցույցը ցրելու մեջ:  Քրեական մյուս գործերով Ուգուլավան մեղադրվում է  «Մթածմինդա» այգին ապօրինի կերպով սեփականացնելու ու «Սիթի պարկ» ընկերության օգտին որոշումներ կայացնելու մեջ, ինչի արդյունքում պետբյուջեն կորցրել է ավելի քան 1 մլն լարի:

Ուգուլավան  մեղադրվում է նաև Թբիլիսիի զարգացաման հիմնադրամի բյուջեից 48 մլն լարի վատնելու մեջ, տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Հիշեցնենք` Ուգուլավան  բանտից ազատ է արձակվել հունվարի 6-ին: Նա ասել է, որ այսօր կարևորում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներսում տիրող իրավիճակը և այդ նպատակով պատրաստ է հանդիպել կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միիխաիլ Սահակաշվիլիի հետ:

Թողնել պատասխան