1 մլրդ ու կեսի փոխարեն՝ 150 մլն. «Ռուսթավի 2»-ի բացահայտումը բանկային պարտքերի վերաբերյալ

Վրացական Rustavi 2 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ «Սև ցուցակում» հայտնված 600 000 քաղաքացիների բանկային պարտավորությունների զրոյացման համար Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը կծախսի ոչ թե 1 մլրդ ու կես լարի այլ 150 մլն: Հավաստի աղբյուրը հեռուստաընկերությանը փոխանցել է պայմանագրի պատճեն, որը դեկտեմբերի 6-ին «Քարթու» հիմնադրամն ուղարկել է միկրոֆինանսական ընկերություններին:

«Քարթու» հիմնադրամը ֆինանսական հաստատություններին պրոբլեմատիկ վարկերի հիմնական գումարի 9-14 տոկոսը կմուծի: Միկրոֆինանսական ընկերություններին չի փոխհատուցվի ո՛չ կուտակված տոկոսները, ո՛չ էլ հաշվարկային տույժերը: Եթե քաղաքացու վարկը կազմում է 1000 լարի, հիմնադրամը պարտքի զրոյացման համար վճարում է ընդամենը 90-140 լարի, և ոչ մի լրացուցիչ ծախս չի փոխատուցվելու:

Պայմանագրի համաձայն, «Քարթու» հիմնադրամի պահանջն է, որպեսզի վարկ տվող կազմակերպությունը փաստաթղթերը 6 տարվա ընթացքում չվերացնի և հիմնադրամին հասանելի լինեն այն մարդկանց անձնական տվյալները, որոնց վարկերը փակվել են:

Գործարքի համաձայն, միկրոֆինանսական կազմակերպությունները մեծ վնաս են կրում, քանի որ, եթե կազմակերպությունները քաղաքացիներից պարտքի վերադարձման համար դատական գործ են սկսել, «Քարթու հիմնադրամն այս ծառայության համար արված ծախսերը չի փոխհատուցում:

Վարկերի զրոյացումը պետք է սկսվի դեկտեմբերի 15-ից, սակայն մինչև այժմ պատրաստ չէ այն կայքէջը, որտեղ քաղաքացին անձնական տվյալներով կստուգի՝ վարկի զրոյացումը վերաբերում է իրեն, թե ոչ: