1030 անձի մոտ թմրանյութերից կախվածություն է հաստատվել

2023 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայությունը 1436 անձի շրջանում թմրամոլության թեստ է անցկացրել, 1030-ի մոտ հաստատվել է կախվածությունը թմրանյութերից:

ՆԳՆ կայքում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, նշված երեք ամսում թմրամոլության փորձաքննության ենթարկվածներից 6-ը եղել են անչափահասներ, 3-ի մոտ հաստատվել է կախվածությունը թմրանյութերից:

Ըստ վիճակագրական տվյալների, երրորդ եռամսյակում ամենաշատը ստուգվել է 25-44 տարիքային խմբի 800 տղամարդ, որոնցից 584-ի դեպքում դրական արդյունք է գրանցվել։ Ինչ վերաբերում է կանանց, ապա բոլոր տարիքային կատեգորիաներից թեստավորված 37 կանանցից 10-ի մոտ հաստատվել է կախվածությունը թմրանյութերից:

Ի դեպ, այս տարվա 6 ամիսների ընթացքում՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում, Վրաստանի տարածքում ստուգումներ են անցկացվել 2580 քաղաքացիների շրջանում, նրանցից 1896-ի թմրամոլ լինելը հաստատվել է։