Թբիլիսիի պետական համալսարանի թերթը անդրադարձել է Ալիք Մեդիայի հոդվածաշարին

Թբիլիսիի պետական համալսարանի թերթը` «1+4» ծրագրի մասնակիցները ԹՊՀ-ի հաջողության պատմություն» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում են Ալիք Մեդիայի` «1+4 հաջողության պատմություններ» շարքի՝ ԹՊՀ-ի ուսանողների հարցազրույցներից հատվածներ:

«ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Էլզա Թորոսյանը եւ համալսարանի շրջանավարտ Աղաբեգ Սիմոնյանն այսօր լրագրողի ամպլուայում են՝ «Ալիք Մեդիա» եռալեզու ինտերնետ-հարթակի համար պատրաստում են հաջողության պատմություններ՝  «1+4» ծրագրի մասնակիցների մասին, որոնք Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս մայրենի լեզվով են հանձնել քննություններն ու բարձրագույն կրթություն ստացել»:

Հարցին, թե ինչու են որոշել նման ծրագիր սկսել լրատվամիջոցի համար, որի հիմնական լսարանը Սամցխե-Ջավախքի բնակչությունն է եւ երիտասարդությունը, պարզ պատասխան ունեն` երիտասարդները պետք է իմանան գոյութուն ունեցող հնարավորությունների մասին, այն մասին ,որ հնարավոր է հաջողության հասնել, եթե վրացերեն սովորեն: Կավարտեն համալսարանը եւ բազում խոչընդոտներ կհաղթահարեն, հնարավոր է մասնակցեն ստաժավորման ծրագրերի, փոխանակման ծրագրերի, ընդունվեն աշխատանքի, հանրային տարբեր խմբերում ինտեգրվեն, ձեռք բերեն բազմաթիվ ընկերներ: Հաջողության օրինակները ներկայացնում են կարդացողին եւ լսողին (այս պատմությունները հեռարձակվում են նաեւ Նինոծմինդայում գործող հայալեզու «Նոր» ռադիոկայանի եթերով):

Էլզան եւ Աղաբեգն իրենք էլ նման հաջողակներից են՝ ուսանողներ, որոնք կարողացել են վրացերեն սովորել, ինչպես նաեւ օգտագործել են գիտելիքները բարձրագույն կրթության ոլորտում»,- նշված է ԹՊՀ-ի թերթի հոդվածում, որտեղ հատվածներ են ներկայացվում նաեւ Ալիք Մեդիայի կայքում տեղ գտած Ռոբերտ Քարտաշյանի, Հարություն Մալխասյանի եւ Գուրգեն Եզոյանի մասին նյութերից:

Թողնել պատասխան