17 մլն. և 175 նոր ավտոբուս՝ Վրաստանի համար

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (EBRD) 17 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին՝ երկրի 6 մունիցիպալիտետների համար ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով:

Այս մասին ասվում է երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունում: 

Փոխվարչապետ Մաիա Ցկիտիշվլին  հանդիպում է անցկացրել EBRD-ի Հարավային Կովկասի տարածքային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենի հետ: Նրանք քննարկել են երկրում բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Դրանցից մեկը քաղաքային տրանսպորտային ցանցի թարմացումն է, որի շրջանակում շրջանային զարգացման ֆոնդը նպատակ ունի 175 նոր ժամանակակից ավտոբուս գնել՝ Քութայիսիի, Գորիի, Թելավիի, Զուգդիդիի, Ռուսթավիի և Փոթիի համար: Գորի 30 ավտոբուս կուղարկվի, Զուգդիդի՝ 25, Ռուսթավի՝ 40, Քութայիսի՝ 60, Թելավի և Փոթի՝ 10-ական:

Հիշեցնենք՝ ավելի վաղ  EBRD-ը վարկ էր տրամադրել՝ Թբիլիսիի և Բաթումիի ավտոբուսային պարկը նորացնելու համար: 2016-ին 27 միլիոն եվրո հատկացվել է գազով շահագործվող 200 ավտոբուսի համար, որոնք այժմ երթևեկում են մայրաքաղաքի փողոցներում: