2008-ին աշխարհը նույն կերպ չարձագանքեց, ինչպես Ուկրաինայի դեպքում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է Կատարի տնտեսական համաժողովին։

Համաժողովի ընթացքում հարցեր են հնչել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների վերաբերյալ, որին ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է, որ 2008 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, աշխարհը նույն կերպ չարձագանքեց, ինչպես Ուկրաինայի դեպքում։

«Այն ժամանակ աշխարհը ոչ մի տնտեսական պատժամիջոց չկիրառեց Ռուսաստանի դեմ, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը օկուպացված է, և մենք մեր տարածքում ապրում ենք ռուսական զորքերի հետ։

Իհարկե, մենք մտահոգված ենք մեր անվտանգության, մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Քաղաքական առումով, իհարկե, մենք աջակցում ենք Ուկրաինային, մենք միացել ենք 260 բանաձևերին բոլոր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի՝ Վրաստանը քաղաքականապես կանգնած է միջազգային հանրության կողքին՝ լիովին համաձայնեցնելով ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։

Ղարիբաշվիլիի խոսքով, Եվրահանձնաժողովի որոշումը՝ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, անարդարացի է։

«Մակրոնը հրապարակավ ասաց, որ Ուկրաինային և Մոլդովային ստացել են թեկնածուի կարգավիճակ, քանի որ նրանք պատերազմի մեջ են: Սա խրախուսանք է, սա բոնուս է Ուկրաինայի համար։

Մեր բնակչության 80 տոկոսից ավելին աջակցում է եվրատլանտյան ինտեգրմանը: ՆԱՏՕ-ին անդամակցելը մեր հստակ նպատակն է, մեր արտաքին քաղաքականությունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ»:

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ վերջին 30 տարում Վրաստանի վրա երեք անգամ ագրեսիա է իրականցվել, սակայն, Վրաստանի քաղաքականությունն է խաղաղ բանակցությունների միջոցով վերականգնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Հարցին` արդյո՞ք Պուտինն է դա խոստացե՞լ, և արդյո՞ք վստահու՞մ են Պուտինին՝ Ղարիբաշվիլին ասել է.

«Իշխանության գալուց ի վեր մենք նրա հետ քաղաքական հարաբերություններ չենք ունեցել, միայն առևտրային հարաբերություններ ենք ունեցել։ Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»: