2022-ին Վրաստանից մրգի արտահանումը կնվազի

Վրաստանի միրգ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Վախթանգ Բեժիտաշվիլիի խոսքով, 2022 թվականին մրգի արտահանման նվազում է սպասվում։

Ըստ Բեժիտաշվիլիի՝ պատճառը ներքին պահանջարկի աճն է, որը պայմանավորված է Վրաստանի տարածքում զբոսաշրջային հոսքի ավելացմամբ և մեծ թվով ՌԴ քաղաքացիների ժամանմամբ։

«Վրաստանում այժմ ցիտրուսային սեզոն է, սակայն այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ 20 հազար տոննայով պակաս է, իսկ սպասվող 40 հազար տոննան արտահանվող որակի չի լինի։ Ինչ վերաբերում է խնձորին, ապա բերքի ծավալը շատ մեծ է, բայց այստեղ նույնպես խնդիրներ կան՝ հիմնականում որակի ու փաթեթավորման առումով։

Բացի այդ, արտադրանքը պահելու համար բավարար սառնարանային պահեստարաններ չկան: Ենթակառուցվածքը, եթե չստեղծվի և արտադրանքի որակը չբարձրացվի, ապա արտահանման մասին մտածելն իմաստ չունի»,- ասում է Բեժիտաշվիլին։

Բեժիտաշվիլին նշել է, որ ներկայում վրացական մրգի և բանջարեղենի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ ռուսականը՝ արտադրանքի մոտ 80 տոկոսը գնում է Ռուսաստան։ Կային նաև արտահանումներ դեպի Ուկրաինա, որոնք դադարեցվեցին պատերազմի և նյութատեխնիկական բարդությունների պատճառով։