Անակլիա նավահանգստի բաժնեմասի մեծ մասը կմնա պետությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ կառավարությունը կմասնակցի «Անակլիա նավահանգստի» կառուցմանը։ Նա այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ նավահանգստի 51 տոկոս բաժնեմասը կպատկանի պետությունը։

Նրա խոսքով, գործարարներ Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խազարաձեն, որոնք այժմ «Լելո» կուսակցության առաջնորդներն են, ծախսել են ընդամենը 3 միլիոն դոլար, թեև ներդրողներից ստացել էին 20-25 միլիոն դոլար։

«Մենք պետք է շտապ ընտրենք միջազգային գործընկեր ընկերություններ, և մենք նույնպես կսկսենք ներդրումներ կատարել», — ասել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ նավահանգստի կառուցման ներդրումային պայմանագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։