Եվրոպական արժեքները վրաց ժողովրդի արյան մեջ են. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ եվրոպական արժեքները վրաց ժողովրդի արյան մեջ են։ Այս գնահատականը Միշելը Twitter-յան իր միկրոբլոգում տվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո։

Միշելի խոսքով, սակայն, առանցքային առաջնահերթություններում կոնկրետ առաջընթացը վճռորոշ է դեպի եվրոպական ընտանիք Վրաստանի ճանապարհին։

«Եվս մեկ անգամ նախագահ Զուրաբիշվիլիին հայտնեցի Եվրամիության ամուր աջակցությունը մեր ընդհանուր եվրոպական ապագայի համար»,- գրել է Միշելը:

Ի դեպ, Եվրախորհուրդը մամուլի հաղորդագրություն է տարածել նաև Զուրաբիշվիլիի և Միշելի հանդիպման մասին։ Ըստ Եվրախորհրդի մամուլի ծառայության՝ հանդիպմանը Միշելն ընդգծել է արդարադատության բարեփոխումների, ԶԼՄ-ների ազատությունների, քաղաքացիական հասարակության, ապաօլիգարխացման և ապաբևեռացման հարցերում ավելի մեծ առաջընթացի անհրաժեշտությունը։

Նրանց խոսքով, Միշելը բարձր է գնահատել Վրաստանի նախագահի դերը եվրոպական ճանապարհով առաջ շարժվելու և բազմակուսակցական պառակտումների հաղթահարման գործում։

Եվրոպական խորհուրդը նաև նշել է, որ Միշելն ընդունել է Զուրաբիշվիլիի հրավերը՝ մոտ ապագայում այցելել Վրաստան։