22 հյուրանոց և 9 բաղնիք. Իվանիշվիլիի ներդրումը Ծղալտուբոյում

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ առողջարանային զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում Ծղալտուբո քաղաքում նախատեսում է վերականգնել բոլոր 22 հյուրանոցները և 9 բաղնիքները:

Իվանիշվիլիի հայտարարությունը, որը վերնագրված է «Մենք սկսում ենք Ծղալտուբոյի վերածննդի նախագիծը», հրապարակված է «Վրացական երազանքի» կայքէջում:

«Վրացիներիս եզակի երկիր է ժառանգություն հասել՝ մեծ պատմությունով, դարավոր մշակույթով և զարմանալի բնությունով: Մեր երկրում լեռները, ծովերը, հանքային ջրերը և նույնիսկ ավազը կենսունակ էներգիա ունեն: Բայց կան որոշ առանձնահատուկ վայրեր, որոնք կարող են առավելագույնս օգտագործել իրենց ներուժը: Դրանցից մեկը հենց Ծղալտուբոն է՝ յուրահատուկ, բուժիչ, վերականգնողական և զբոսաշրջային ներուժով», — գրված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, Բիձինա Իվանիշվիլին որոշել է անձամբ ներդրում անել Ծկղալտուբոյի վերականգնման գործում, «քանի որ պետությունը ներդրման համար չունի այդ մի քանի միլիոն դոլարը, իսկ Ծղալտուբոյի վերականգնումը և՛ երկրի համար, և՛ բիզնեսի համար շահույթի մեծ ներուժ է»։

«Ես կգնեմ քաղաքի բոլոր 22 հյուրանոցները, 9 բաղնիքները և կիրականցնեմ դրանց վերականգնումը` առողջարանների զարգացման միասնական ծրագրի և հայեցակարգի շրջանակներում», — ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ:

Ծղալտուբոն քաղաք է Վրաստանի Իմերեթ երկրամասում, գտնվում է Քութայիսիից 9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Դեռևս XII-XIII դարերում այն հիշատակվում է որպես առողջարարական բնակավայր։ 1920 թվականին աղբյուրներն անցել են պետության վերահսկողության տակ և ստացել հանքաջրաբուժական հանգստավայրի գործառույթներ։ Տարիների գործունեությունից հետո հանգստավայրը դադարել է գործել, հյուրանոցներից որոշներն էլ ավերակի են վերածվել: