300 լարիի օգնությունը ավելի շատ քաղաքացիներ կստանան

300 լարի (մոտ 90 դոլար) միանվագ օգնություն կարող են ստանալ ավելի մեծ թվով Վրաստանի քաղաքացիներ` հայտնում են կառավարության աշխատակազմից։

«300 լարի փոխհատուցում կստանան նաև այն մարդիկ, որոնք  դեկտեմբերի 5-ին աշխատավարձ են ստացել, սակայն դեկտեմբերի 5-24-ը չեն վճարվել գործատուի կողմից, որը դադարեցրել է աշխատանքային գործունեությունը` նոյեմբերի 28-ին ուժի մեջ մտած սահմանափակումների պատճառով», — ասված է հայտարարությունում։

Վրաստանում ինքնազբաղ քաղաքացիների գրանցումը սկսել է դեկտեմբերի 3-ին, այս ընթացքում Ֆինանսների նախարարության էլեկտրոնային բազայում հայտ է ներկայացրել 73600 մարդ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է։

300 լարի միանգամյա օգնությունը նախատեսված է այն ինքնազբաղ քաղաքացիների համար, որոնք սահմանափակումների պատճառով դադարել են աշխատել։ Ինքնազբաղ քաղաքացիներն իրենք են հայտ ներկայացնում, աշխատանքով ապահովված կամ չգրանցված աշխատողների համար տեղեկատվությունը տրամադրում է գործատուն կամ օբյեկտի սեփականատերը։ Հայտը ստանալուց հետո եկամուտների ծառայությունը ստուգում է տվյալների համապատասխանությունը, ապա եռօրյա ժամկետում ինֆորմացիա է փոխանցում աշխատանքի տեղավորման աջակցության գործակալությանը, որն էլ պետք է փոխանցի գումարը։ Փոխհատուցում կստանան միայն այն ինքնազբաղ քաղաքացիները, որոնք աշխատավարձ չեն ստանում բյուջետային կազմակերպություններից, կամ այն ընկերություններից, որոնց սեփականատերը պետությունն է։