2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 36%-ով՝ հասնելով 308 միլիոն դոլարի։ Այս ժամանակահատվածում աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։
Այսպիսով, Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկերներից մեկն է և 4 ամսվա կտրվածքով զբաղեցնում է յոթերորդ տեղն ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 3.8% բաժնեմասով։ Հայաստանի հետ առևտրային սալդոն դրական է, ինչը նշանակում է, որ արտահանումը գերազանցում է ներմուծմանը։ Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-ապրիլին Հայաստանից ներմուծումն ավելի շատ է աճել, քան արտահանումը։
Այս տարի՝ հաշվետու ժամանակահատվածում, Վրաստանը Հայաստանից ձեռք է բերել մոտ 114 միլիոն դոլար արժողությամբ ապրանք։ Ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում մշակող արդյունաբերության արտադրանքին, թեև խոշոր ապրանքների թվում հանդիպում ենք կտրած ծաղիկներ և կոկոններ, որոնց ներմուծումը Ռուսաստանը՝ այլ ագրոապրանքների հետ միասին, արգելել է։ Պետք է նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսում Հայաստանից ագրոապրանքների ներմուծումն այնքան էլ մեծ չէ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա ռուսական էմբարգոն հայկական ագրոարտադրանքի Վրաստան ներմուծման վրա, քանի որ հարևան պետությունը տեղական արտադրության ապրանքների իրացման համար այլընտրանքային շուկաներ է փնտրում։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ներմուծված ապրանքներին.
Պղնձի հանքաքարեր և խտանյութեր – 64.2 մլն դոլար, 24 հազար 551 տոննա,
Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր – 13.4 մլն դոլար, 1192 տոննա,
Ապակե տարաներ և շշեր – 6.6 մլն մլն, 13 հազար 729 տոննա,
Մարդատար ավտոմեքենաներ – 4.5 մլն դոլար, 37 միավոր,
Էլեկտրաէներգիա – 4 մլն դոլար,
Շոկոլադ և կակաոյի այլ պատրաստի արտադրանք – 1.9 մլն դոլար, 307 տոննա,
Կտրած ծաղիկներ և կոկոններ – 1.8 մլն դոլար, 370 տոննա,
Սիգարներ և սիգարիլաներ – 1.5 մլն դոլար, 118 տոննա,
Թարմ կամ չորացրած խաղող – 1.2 մլն դոլար, 1357 տոննա,
Պլաստմասսայե արտադրատեսակներ ապրանքների փոխադրման համար – 1.1 մլն դոլար, 670 տոննա։
Ապրանքների ցանկում հանդիպում են նաև պատրաստված կամ պահածոյացված չսառեցված բանջարեղեն, մրգեր և բույսերի այլ մասեր, սոուսների պատրաստման համար նախատեսված արտադրանք, թարմ կամ սառեցված բանջարեղեն, սառեցված ձուկ և այլն, թեև փոքր ծավալներով։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս տարի Վրաստանը Հայաստանում վաճառել է 194 միլիոն դոլարի արժողության ապրանք, ինչը 25.5%-ով աճած ցուցանիշ է։ Ավտոմեքենաներ, նավթ և նավթամթերք, ալկոհոլային խմիչքներ. այսպիսին է դեպի Հայաստան արտահանված խոշորագույն ապրանքների առաջին եռյակը, թեև տասնյակում վերաարտահանված ապրանքների հետ միասին հանդիպում են նաև տեղական արտադրության այլ ապրանքներ։ 4 ամսում արտահանված ապրանքների 10-յակն ունի հետևյալ տեսքը.
Մարդատար ավտոմեքենաներ – 24.5 մլն դոլար, 888 հատ,
Նավթ և նավթամթերք – 9.9 մլն դոլար, 10 հազար 639 տոննա,
Ալկոհոլային խմիչքներ – 9 մլն դոլար, 1906 տոննա,
Բուլդոզերներ, ավտոգրեյդերներ, էքսկավատորներ, տրամբող մեքենաներ – 7.1 մլն դոլար, 87 հատ,
Լիմոնադ – 5.9 մլն դոլար, 6մլն 126 հազար 458 լիտր,
Փաթեթավորված դեղամիջոցներ – 5.4 մլն դոլար, 44 տոննա,
Թարմ կամ չորացրած ցիտրուսներ – 3.8 մլն դոլար, 5814 տոննա,
Ապրանքներ ատրակցիոնների, սեղանի կամ սենյակային խաղերի համար – 3.4 մլն դոլար, 43 տոննա,
Ալյումինե ձողեր և պրոֆիլներ – 3.3 մլն դոլար, 639 տոննա,
Բեռնատար ավտոմեքենաներ – 3 մլն դոլար, 298 հատ։