4-րդ եռամսյակում Վրաստանի տնտեսությունը կաճի 8,2 տոկոսով

Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է տնտեսական աճի եռամսյակային կանխատեսումը։ Փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանի տնտեսությունը կաճի 8,2 տոկոսով։

Հարկ է նշել, որ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Վրաստանի տնտեսական աճը կազմել է 8,8 տոկոս։

Փաստաթղթի համաձայն՝ 4-րդ եռամսյակում զբոսաշրջության ծավալը 2021 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ կավելանա մոտավորապես 2,1 անգամ. միաժամանակ կավելանա նաև երկրից մեկնող այցելուների թիվը։

Կանխատեսման համաձայն, 4-րդ եռամսյակում կավելանան նաև ինչպես մասնավոր սպառման, այնպես էլ ներդրումների ծավալները, ինչը կհանգեցնի ընդհանուր սպառման և ներդրումների աճին ու տնտեսական ակտիվության նշված դրական տեմպերին։

Բյուջետային գրասենյակը նշել է, որ կբարելավվի նաև առևտուրը. մասնավորապես, ինչպես նշված է փաստաթղթում՝ ծառայությունների առևտրի կտրուկ աճին զուգահեռ, սպասվում է նաև ապրանքաշրջանառության զգալի աճ։

«Կառավարության ներդրումային գործունեության աճին զուգահեռ, սպառման և մասնավոր ներդրումների ավելացման հետ մեկտեղ ակնկալվում է, որ ներմուծվող ապրանքների քանակը զգալիորեն կավելանա: Համաշխարհային տնտեսության վերականգնման ֆոնին ակնկալվում է, որ կաճի արտահանման պահանջարկը, և, համապատասխանաբար, կավելանան նաև ապրանքների արտահանման ծավալները»,- նշված է փաստաթղթում: