Թբիլիսիի մետրոյի «Մարջանիշվիլի» և «Սադգուրիս մոեդանի» կայարաններն իրար կապող թունելի վերականգնումը կարժենա մոտ 6,3 միլիոն լարի, տեղեկանում ենք Պետական գնումների գործակալության պորտալում Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հայտարարած մրցույթից, որն արդեն ավարտված է, և պայմանագիրն էլ կնքված է։
Ըստ փաստաթղթի՝ մրցույթը հայտարարվել էր 2025 թվականի մարտի 17-ին, իսկ հայտերի ընդունումն ավարտվել է մայիսի 22-ին։ Մրցույթի հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «Էյ Ջի Գրուպը», որի հետ կնքվել է 6 մլն 313 հազար լարիի պայմանագիր, իսկ պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 6-ին և կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 17-ը։
Նախագիծը ներառում է երկու կայարաններն իրար կապող թունելի վերականգնումը, ինչը դիտարկվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման մաս։
Փաստաթղթի համաձայն՝ գնումն ամբողջությամբ ֆինանսավորվում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության սեփական եկամուտների հաշվին։ Այս պահին պայմանագրի շրջանակներում արդեն վճարվել է 3,4 միլիոն լարի, ինչը կազմում է ընդհանուր արժեքի մոտ 55%-ը։ Գումարի հիմնական մասը տրվել է 2025 թվականին՝ կանխավճարի տեսքով, իսկ հետագա վճարումները փուլ առ փուլ շարունակվում են 2026 թվականին։
Ըստ հանրային ռեեստրի տվյալների՝ «Էյ-Ջի Գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2007 թվականին։ Շինարարական ծառայությունների ոլորտում գործող ընկերության միանձնյա տնօրենը և 100% բաժնեմասի սեփականատերն Ալեքսանդր Խուցիշվիլին է։