Հանդիպել են Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով։

Սա երկու պետությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է 1950-ականների կորեական պատերազմից ի վեր (նախորդները 2000 և 2007 թվականներին են եղել), որը կարող է նպաստել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը:

Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվել է «Խաղաղության տանը»: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հատուկ գրքում գրություն է թողել:

«Այսօր պատմության նոր դարաշրջանն է սկսվում՝ խաղաղության դարաշրջանը», — գրել է Կիմ Չեն Ընը՝ համոզմունք հայտնելով, որ Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցությունները կարևոր արդյունքներ կունենան:

«Մենք այստեղ ենք եկել հույսով, որ երկու Կորեաների հարաբերությունների նոր էջ կբացենք: Համոզված եմ, որ կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել նախագահ Մուն Չժե Ինի հետ»,- հայտարարել է նա:

Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին կոչ է արել՝ միասին հաստատել խաղաղություն և բարեկեցություն Կորեական թերակղզում:

Թողնել պատասխան