Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) հեռարձակումը չի վերսկսի, հայտնել են ՀԸ-ի աշխատակիցները: Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀԸ-ի աշխատակիցները հաղորդագրություն են ստացել գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիայից։ Գաբունիան լրագրողներին հայտնել է, որ հեռուստաալիքի հեռարձակումը մայիսի 1-ից ամբողջությամբ կդադարեցվի։
«Մթավարի արխի»-ի երկու աշխատակիցներ վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին են փոխանցել գլխավոր տնօրենից ստացած նամակի բովանդակությունը, իսկ լրագրողներից ոմանք հեռուստատեսության փակման մասին գրում են սոցիալական ցանցերում:
«Այս օրը եկավ… Հինգ տարվա համատեղ կյանքն ավարտվեց։ Ես ստիպված եմ լքել տունը, որի անդամն եմ եղել դրա ստեղծման առաջին օրվանից։ Այսօր ավարտվեց մի դժվարին փուլ», — Facebook-ում գրել է լրագրող Իրակլի Բախտաձեն։
Թաթիա Ծոծոնավան նույնպես խոսել է «վերջին հույսի» մարման մասին. «Ռուսթավի-2»-ից հեռանալուց հետո մենք ստիպված էինք ամեն ինչ զրոյից ապացուցել… Կարող եմ համարձակորեն ասել, որ մենք ստեղծեցինք ամենահետաքրքիր ալիքը։ Մենք՝ յուրաքանչյուր աշխատակից, որը վտանգի ենթարկեց իր առողջությունն ու կյանքը՝ ամեն ինչ անելով Մթավարիի համար»։
ՀԸ-ի գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան չի խուսափում խոսել վերջին մի քանի ամիսների ընթացքում ալիքում ստեղծված ճգնաժամի մասին, որի համար նա մեղադրել է համատնօրեն, Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչ Գոգի (Գիորգի) Քուրդաձեին և նշել, որ ալիքի ֆինանսական ճգնաժամն արհեստականորեն է ստեղծվել։
ՀԸ-ն փետրվարի 15-ից հեռարձակվում է սահմանափակ եթերաժամով. հեռարձակվել են միայն հեռուստասերիալներ։ Ուղիղ հեռարձակվող հաղորդումները դադարեցվել են։ Հետագայում հեռարձակումը դադարեցվեց տնային «անտենաներ» օգտագործող հեռուստադիտողների համար։
Հունվարի 27-ին «Մթավարի արխի»-ն հայտարարություն տարածեց, ըստ որի` ալիքի համահիմնադիր Զազա Օքուաշվիլին «համակարգված կերպով հետևում է ռուսական ռեժիմին բնորոշ ուղուն» և աստիճանաբար փակում է ալիքը։
Դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչը պահանջել էր պաշտոնակատար գլխավոր տնօրենի հրաժարականը։ Գիորգի Քուրդաձեն նամակին կցել է Գիորգի Գաբունիայի նամակագրությունը հեռուստաալիքի հիմնադիրների հետ: Ռեեստրը չէր բավարարել հարցումը, քանի որ դա չի ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան։
- «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հեռարձակվում է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Հիմնադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։
- 2020 թվականի մայիսին ՀԸ-ի սեփականատերեր Նիկա Գվարամիան և Կախաբեր Անջափարիձեն իրենց բաժնետոմսերի 40 տոկոսը նվիրաբերեցին Զազա Օքուաշվիլիի հիմնադրած ընկերություններին։
- 2024 թվականի փետրվարին Գվարամիան 12 տոկոս բաժնեմասը փոխանցեց կնոջը և հրաժարական տվեց հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Գիորգի Գաբունիան դարձավ գլխավոր տնօրեն։
- 2024 թվականի մարտին Նիկա Գվարամիան «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ միասին ստեղծեց «Ախալի» քաղաքական միավորումը։