Թբիլիսիի «Վակզալի» շուկայի (Ավտոկայանի մեծ շուկա) տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտավորապես 15 հազար քառակուսի մետր տարածք։ Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է Հրշեջ-փրկարարական վարչության պետ Լևան Մուսելիանին։
Շուկայի տարածքում այրվել են վաճառողների ապրանքները։
Հրդեհը, որի պատճառը դեռևս անհայտ է, բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Հրշեջները մոտ երեք ժամ մարել են հրդեհը։ Մուսելիանիի խոսքով, գործընթացին մասնակցել է 30 հրշեջ մեքենա։
Շուկայի տարածքի մերձակայքում գտնվող կլինիկաներից տարհանվել են հիվանդներն ու անձնակազմը:
2017 թվականին Թբիլիսիի «Վակզալի» կայարանին հարող տարածքում այրվեց «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնը։ Դատախազությունը ձերբակալեց կենտրոնի տնօրենին և ներքին անվտանգության ծառայության աշխատակցին՝ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով։