Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 8

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովում հայտնել է, որ Վրաստանն ունի աշխարհի ամենամաքուր էներգիայի համակարգերից մեկը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ամերիկյան միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) համար Վրաստանում հարցումներն իրականացնում է տեղական շատ կասկածելի համբավ ունեցող ընկերություն։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականներն ավելի կարևոր են, քան եվրոպացի խորհրդարանականներինը։

Պապուաշվիլին ասել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները միայն մեկ տեսանկյունով վերաբերմունք ունեն Վրաստանի նկատմամբ, դա Միխեիլ Սաակաշվիլիի հետ բարեկամությունն է։

«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի կառավարությունից պահանջում է դիտարկել բնակչության պահանջները Ճիաթուրայում պետական ​​միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ և ընդառաջել տեղացիների արդարացի պահանջներին։

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները:

Վրաստանում նոր հակաարևմտյան՝ «Վրաստանը ամենից առաջնայինն է» անունով պորտալ է ստեղծվել:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ևս մեկ անգամ կրկնել է, թե որքան կարևոր է ԶԼՄ-ների ազատությունը երկրի ժողովրդավարության համար։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հենց դրա պատճառով է ԱՄՆ-ն աջակցում Վրաստանում ԶԼՄ-ների ազատությանը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից աճել է։

TI-ի` «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը» հետազոտության  համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ երկար ժամանակ ապրելու և բիզնեսով զբաղվելու համար:

Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»:

Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի 10-րդ ռոտացիայի դասակը մեկնել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո շարունակվող ռազմական ուսումնական առաքելությունը (EUTM RCA) կատարելու։