Իրական հասցեատերը Մոսկվան է. Սաակաշվիլին՝ Կոբախիձեի նամակի մասին

Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված հրապարակային նամակին՝ նշելով, որ նամակի հասցեատերն իրականում Մոսկվան է։

Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք» կուսակցությունը «2012 թվականից ի վեր հակաամերիկյան կուրս է վարում, և ով հակառակն է պնդում` ստում է կամ ինքն իրեն է խաբում»։

«Ես զարմացած եմ այս օրերին հնչող ծաղրական մեկնաբանություններից, թե Իվանիշվիլին Կոբախիձեի միջոցով Թրամփից ինչ-որ բան է խնդրում։ Իրականում Իվանիշվիլին հստակ գիտի, թե Թրամփի վարչակազմն ինչ պայմաններ է դրել նրա առջև՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ պայմանների թվում է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Իրականում այս նամակը գրված է Մոսկվայի համար և ուղղված է ոչ թե Թրամփին, այլ Մոսկվային։ Նախապատրաստվում է դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, ապա՝ Վրաստանի լիակատար անեքսիան», — գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ օրերս Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Կոբախիձեն Թրամփին գրել է.

  • «Վրաստանը ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերն է մեր ամենադժվար տարածաշրջանում»:
  • «(Թրամփի վարչակազմի) լռությունը Վրաստանի վերաբերյալ մեզ համար որևէ տրամաբանական բացատրություն չունի»:
  • Նա նաև «Վրացական երազանք»-ի թիմի անդամների նկատմամբ կիրառված պատժամիջոցները անվանել է «անհասկանալի»։
  • Կոբախիձեն Կոնգրեսի ստորին պալատի ընդունած MEGOBARI Act-ը անվանել է «անհեթեթ օրենք»։

Սաակաշվիլին մայիսի 13-ին արձագանքել է այս նամակին՝ գրելով. «Սա այն բռնապետությունն է, որն անարդարացիորեն բանտում ոչնչացնում է քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի միակ մտերիմ ընկերոջը հետխորհրդային տարածքում»։

Որ փուլում է MEGOBARI Act-ը. ինչ սպասել Վաշինգտոնից