Պետք է անցկացվեն այլընտրանքային ընտրություններ. Խաբեիշվիլի

Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդներից մեկը՝ կուսակցության նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին, նշել է, որ «բոլորը» համամիտ են այն կարծիքին, որ «պետք է անցկացվեն այլընտրանքային ընտրություններ, որը կիրականացնի ժողովուրդը»։ Նման հայտարարություն է արել նաև Պաատա Բուրճուլաձեն։

Մայիսի 15-ին նախկին օպերային երգիչ և քաղաքական գործիչ Պաատա Բուրճուլաձեն կազմակերպել էր հանդիպում, որին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ։ Մասնակից կուսակցությունների ամբողջական ցանկը հայտնի չէ։

Հանդիպումից հետո Խաբեիշվիլին լրագրողներին ասել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի 2025 թվականի հոկտեմբերի 4-ին նախատեսած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք նա անվանել է «կեղծ ընտրություններ», «չեն կարող անցկացվել»։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ պետք է անցկացվեն այլընտրանքային ընտրություններ, որը կիրականացնի ժողովուրդը», — ասել է Խաբեիշվիլին՝ չմանրամասնելով, թե ում նկատի ուներ «բոլորը» ասելով:

Պաատա Բուրճուլաձեն հայտարարել է, որ կան «շատ տարբերակներ» «ընտրություններն ինքներս անցկացնելու» համար։ Բուրճուլաձեն նաև ասել է, որ այդ նպատակով նոր միավորումը կկոչվի «Ռուսթավելիի պողոտա» և նշել «ընտրությունները հեռախոսով անցկացնելու» մասին։

Դեռևս պարզ չէ, թե որ քաղաքական ուժերն են աջակցում նման նախաձեռնությանը, և որքանով է դա իրատեսական։