Սննդամթերքի ազգային գործակալության տեսուչները Մառնեուլիում, Թերջոլայում և Թբիլիսիում հայտնաբերել են պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման օբյեկտներ, որոնք գործունեություն են ծավալել առանց գրանցման և առանց գործակալության թույլտվության:
Բիզնես օպերատորներին արգելվել է պեստիցիդների և ագրոքիմիկատների առևտուրը՝ առանց համապատասխան պահանջների պահպանման և պարտադիր ընթացակարգերի անցման:
«Իդա Ագրո Սաքարթվելո» ՍՊԸ-ն (Մառնեուլիի մունիցիպալիտետ, գյուղ Իմիրի), անհատ ձեռներեց Շ. Չ.-ն (Թերջոլա, գյուղ Սազինո) և անհատ ձեռներեց Ր. Ճ.-ն (ք. Թբիլիսի, Մոսկովյան պողոտա N2, օբյեկտ N16) տուգանվել են օրենսդրության համաձայն:
«2019 թվականից խստացվել են օրենսդրական պահանջները պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքի օբյեկտների նկատմամբ: Մասնագիտացված օբյեկտի գործունեության համար պարտադիր է Սննդամթերքի ազգային գործակալության թույլտվությունը սահմանված կարգով, ինչը ենթադրում է սանիտարահիգիենիկ պահանջների և անվտանգության կանոնների լիարժեք բավարարում», — ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: