Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի

«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրանցից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։

«Մենք հստակ նպատակ ունենք․ մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրա բաղկացուցիչ մասերից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է, որը կարևոր է սահմանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։

Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կապահովվի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ Այն կշրջանցի նաև Թբիլիսին, ինչը շատ կարևոր է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Հետևաբար, այս ներդրումն անպայման կիրականացվի»,- հայտարարել է վարչապետը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը միջազգային մրցույթի հաղթող՝ China Railway Tunnel Group Co., Ltd. ընկերության հետ պայմանագիր է կնքել Ծիծամուրի–Ավճալա 7,3 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 499 միլիոն լարի։

Միաժամանակ, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ մոտ ժամանակներս հայտնի կդառնա նաև շրջանցիկ ճանապարհի Ավճալա–օդանավակայան 22,5 կմ երկարությամբ հատվածի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը։