Թբիլիսին լռում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն հրամանագրի վերաբերյալ, որով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն տրամադրելը հեշտացվում է:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել Մոսկվայի որոշմանը. ո՛չ հայտարարություն է տարածել, ո՛չ պատասխանել է լրատվամիջոցների հարցերին, այդ թվում՝ վրաստանյան Netgazeti-ի:
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Աբխազիայի և Հարավային Օսիայի «քաղաքացիների» համար հեշտացվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը։
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար նրանցից այլևս չի պահանջվի բավարարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ուրիշների դեպքում, այդ թվում՝ ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացությունն ապացուցելու պարտավորությունը։