Վրաստանում սահմանադրական փոփոխություններ են սպասվում

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է նոր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ: Սահմանադրական փոփոխությունները իրականացվելու են իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պայմանավորվածությունից ելնելով:

«Քաղաքացիներ» կուսակցությունը բոյկոտի ռեժիմից դուրս եկավ և միացավ խորհրդարանի աշխատանքին այն պայմանով, որ իշխող թիմը կիրականացներ փոփոխություններ երկրի սահմանադրությունում:

Փոփոխությունների համաձայն՝

  • խորհրդարանական ընտրություններին արգելապատնեշը կնվազի դառնալով 3 տոկոսանոց, նախկին 5-ի փոխարեն,
  • խորհրդարանում խմբակցություն կազմելու համար անհրաժեշտ կլինի 4 պատգամավոր, նախկին 7-ի փոխարեն:

Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը խորհրդարանում դեռ պաշտոնապես գրանցված չէ: Փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է նվազագույնը 113 պատգամավորի աջակցությունը: Գործող խորհրդարանում 150 պատգամավորից աշխատում է միայն 96-ը: Ընդդիմության մեծ մասը չի ճանաչում նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու գտնվում է բոյկոտի ռեժիմում: