Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։ Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանի Անկախության օրն է:
Հերչինսկին այսօր դիմել է Վրաստանի քաղաքացիներին՝ ասելով, որ վրաց ժողովուրդն ունի հպարտանալու առիթ, քանի որ պահպանել է Առաջին Ժողովրդավարական Հանրապետության դարավոր ժառանգությունը և վերջին 34 տարիների ընթացքում կառուցում է անկախ պետություն։
Դեսպան Հերչինսկին ընդգծել է՝ այս տարիների ընթացքում Եվրամիությունը միշտ կանգնած է եղել Վրաստանի կողքին՝ տրամադրելով կենսական օգնություն, աջակցելով ժողովրդավարական բարեփոխումներին, բացելով մուտքը դեպի եվրոպական շուկաներ և թույլ տալով Վրաստանի քաղաքացիներին ճանապարհորդել առանց վիզայի։
«Միաժամանակ, այս օրը հզոր հիշեցում է այն մասին, որ անկախությունն ու ժողովրդավարությունը երբեք չպետք է ի սկզբանե ընդունվեն որպես ինքնըստինքյան տրված արժեքներ։ Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանին համերաշխությամբ, գործընկերությամբ և եվրոպական ժողովրդավարական ապագայի հանդեպ ընդհանուր հավատով», — ասել է ԵՄ դեսպանը:
Հերչինսկիի խոսքով, ԵՄ-ն հպարտ է Վրաստանի հետ բարեկամությամբ։ ԵՄ դեսպանն իր տեսաուղերձն ավարտել է այսպես. «Առաջ, Վրաստան, առաջ»։
Եվրամիության և «Վրացական երազանք»-ի կառավարության միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են իշխող ուժի հակաարևմտյան հռետորաբանության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, նաև լրատվամիջոցների դեմ սահմանափակող օրենքների և գործողությունների պատճառով։ ԵՄ մի քանի անդամ պետություններ պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների և նրանց քաղաքականության կողմնակիցների նկատմամբ՝ ժողովրդավարության խախտումների և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով։
Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցեր են տեղի ունենում 2024 թվականի նոյեմբերի վերջից, այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չի ներառի Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը։