Մելիան` Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար:

«Ժամանակն է» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան առաջադրվելու է որպես  Սակրեբուլոյի` քաղաքային խորհրդի  նախագահի պաշտոնի թեկնածու: «Գիրչի — ավելի շատ ազատություն» -ը կներկայացնի փոխքաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածուին:

Մելիան շեշտել է, որ ՄԱՇ-ը Թբիլիսիում մեծամասնական թեկնածուներ չի առաջադրի: Կուսակցությունը կսատարի ընդհանուր բազմակուսակցական խմբի թեկնածուներին:

Մելիան խոստանում է  վերջ դնել ավանդույթին, երբ Սակրեբուլոն անվերապահորեն կատարում է  քաղաքապետի ցանկություններն ու պահանջները:

«Քաղաքապետի իմ պաշտոնը նշանակում է, որ բազմակուսակցական սակրեբուլոն իմ ետնաբակը չի լինի, այլ լինելու է իմ գլխավոր վերահսկիչն ու դաշնակիցը, ինձ ապահովագրելու է սխալներից և ստիպելու է` ավելի ու ավելի լավ գործել», —վստահեցնում  է  Մելիան:

Մելիան ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում: Մինչ վերջերս զբաղեցնում էր Հին Թբիլիսիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանքից» Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածուն կրկին Կախա Կալաձեն է: