Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղը գրեթե 3 օր լույս չուներ, հոսանքազրկվել էր։
Չանախչի գյուղի ֆեյսբուքյան էջում գրել էին, որ գյուղը, լույսի հետ մեկտեղ, նաև ջրից է զրկված։
«Երկու ամսից ավելի է, ինչ լույսերը պարբերաբար անջատվում են թեթև անձրևից կամ քամուց, նույնիսկ դրա բացակայության դեպքում, հետևանքը եղավ այն, որ ողջ գյուղին էլեկտրաեներգիա մատակարարող գլխավոր սարքից ինչ-որ մաս փչացավ, որից հետո մեզ տեղեկացրին, որ երեք օր գյուղը լույս չի ունենալու»,- գրված է տեղեկության մեջ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում գյուղացիները ևս հաստատեցին ստեղծված իրավիճակը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապվել էր Մառնեուլիի սակրեբուլոյում (ավագանի) Չանախչի գյուղը ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանին իրավիճակի մանրամասները ճշտելու նպատակով։
Հախվերդյանի խոսքով` աշխատանքներ են տարվել հնարավորինս շուտ գյուղի էլեկտրաէներգիան վերականգնելու նպատակով։
«Վերջին օրերին ուժեղ քամու հետևանքով շրջանի 6 գյուղում վնասվել է էլեկտրաէներգիա մատակարարող գլխավոր սարքը։ Ոչ միայն Չանախչիում, հարևան գյուղերում ևս հոսանք չկար, ընթանում են վերականգնման աշխատանքներ, մի քանի գյուղերում հոսանքը արդեն մատակարարվում է, Չանախչիում ևս, հավանաբար, այսօր էլեկտրաէներգիան կվերականգնվի»,- ասել էր պատգամավորը։
Նրա խոսքով, սա միակ վնասը չէ. վատ եղանակի ու ուժգին քամիների պատճառով տուժել է նաև գյուղատնտեսությունը, վնասվել է բերքը։
Հախվերդյանը հայտնեց, որ տարվում են աշխատանքներ էլեկտրամատակարարման սարքերի թարմացման ուղղությամբ, որպեսզի նման դեպքերը հնարավորինս նվազեն։
Գյուղում էլեկտրաէներգիան այս պահի դրությամբ արդեն վերականգնվել է։