Տարբեր պահանջներով տարբեր ակցիաներ՝ Թբիլիսիում. Ռուսթավելիի պողոտան փակ է

Թբիլիսիում այսօր երեկոյան քաղաքի տարբեր հատվածներից միաժամանակ մի քանի ակցիա է մեկնարկել՝ տարբեր պահանջներով:

Խորհրդարանի շենքի դիմաց  ԼԳԲՏ համայքի դեմ բողոքով են հավաքվել,   նրանք դեմ են «Հպարտության երթին»:

Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ազատության հրապարակում հավաքվել են Գախարիայի հրաժարականի պահանջով: 3 շաբաթ նրանք խորհրդարանի մոտ էին ակցիաներ անում, սակայն այսօր առավոտյան նրանց տեղը զբաղեցրել են «Ավանդույթների համար պայքարողները»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժեր է մոբիլացրել՝ բախումներից խուսափելու նպատակով: Երկու ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած:

Երրորդ ակցիան ընթանում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց: Պատճառը կիրակի երեկոյան հեռուստաընկերության հայտնի հաղորդման շրջանակներում լրագրող Գիորգի Գաբունիայի հայհոյախառն կոչն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ Գաբունիան ու հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն:

Անսպասելի մեկնարկեց նաև 4-րդ՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանության ակցիան, որն ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել կազմակերպիչների կողմից: Ակցիայի մասնակիցները «Ոչ հոմոֆոբիային», «Պետություն, ո՞ւր ես» պաստառներով ու ԼԳԲՏ դրոշներով կանգնել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հնչեցրել իրենց պահանջերն ու  հեռացել: