Ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուռուան ազատ արձակվեց

Վրաստանի նախագահի կողմից համաներման մասին որոշման հիման վրա բանտից ազատ արձակվեց «Մթավարի» հեռուստաընկերության համահիմնադիր Գիորգի Ռուռուան: Վերջինս ժամեր առաջ լքեց Գլդանիի քրեակատարողական հիմնարկը։

«Ես ակտիվ քաղաքացի եմ ու մնալու եմ ակտիվ քաղաքացի։ Քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների գործը չէ, մենք նույնպես պետք է գործենք, մենք պետք է օգնենք քաղաքական գործիչներին», — լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է նա։

Ինչ վերաբերում է համաներմանը, ապա Ռուռուան նշել է, թե չէր հավատում դրա իրագործմանը, քանի որ այս տարիների ընթացքում բազմիցս տեսել է, թե ինչպես են  իշխանությունները խուսափել իրենց խոստումներն իրագործելուց։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող «Մթավարի արխի» (Գլխավոր ալիք) հեռուստաընկերության համահիմնադիր Գիորգի Ռուռուան ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերի 18-ին` մեղադրվելով ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահպանելու և կրելու մեջ: Նա ակտիվ մասնակցում էր 2019 թվականի հունիսի 20-ից հետո խորհրդարանի մոտ տեղի ունեցող հակառուսական ակցիաներին։ Իսկ ազատ արձակվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկած` ընդդիմության ու իշխանության համաձայնագրի առաջին կետի համաձայն։