Եվրախորհրդարանը 490 ձայնով (147 դեմ, 49 ձեռնպահ) հաստատել է զեկույցի տեքստը, որում նշված է, որ Վրաստանում պետական ինստիտուտները զավթվել են, և երկիրը բռնել է ժողովրդավարական հետընթացի ուղին։
Բանաձևում նշված է, որ 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և հենց այդ «շրջադարձային կետից» է սկսվել «Վրացական երազանք»-ի կառավարության առաջադրած ավտորիտար կառավարման հաստատումը։
Փաստաթղթում քննարկվել են պետական հաստատությունների զավթումը, ժողովրդավարական մեխանիզմների ոչնչացումը, բռնաճնշողական օրենսդրության կիրառումը, նաև ընդդիմության, լրատվամիջոցների և խաղաղ ցուցարարների դեմ ուղղված ճնշումներն ու հետապնդումները։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Վրաստանի իշխանություններին նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ՝ միջազգային և անկախ տեղական մշտադիտարկման ներքո։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը, այդ թվում՝ մոնիթորինգ իրականացնել ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ։
Փաստաթղթում աջակցություն է հայտնվել վրաց ժողովրդին։ Նաև ընդգծվել է, որ մինչև բանտարկված ընդդիմության առաջնորդները ազատ չարձակվեն, և ընտրական միջավայրը զգալիորեն չբարելավվի, առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն կարող արտացոլել ժողովրդի ընտրության իրական պատկերը։